«Իրանը առաջարկում է ստեղծել ճկուն և արդյունավետ մեխանիզմ երկխոսության և համագործակցության համար՝ «ԱՊՀ երկրներ գումարած Իրան» կամ «ԱՊՀ+1» ձևաչափով», - ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, որին նա մասնակցում է առաջին անգամ։               
 

Համընդհանուր հասարակական մանիպուլյացիան՝ համաշխարհային կառավարության ձախողված գլոբալ աշխարհակարգի հենասյուն

Համընդհանուր հասարակական մանիպուլյացիան՝ համաշխարհային կառավարության ձախողված գլոբալ աշխարհակարգի հենասյուն
10.10.2026 | 14:39

Ցանկացած հասարակություն կառավարելի է դառնում պարտադիր մանիպուլյացիոն գործիքակազմի շնորհիվ (այլ կերպ պարզապես հնարավոր չէ), սակայն լինում են դեպքեր, երբ հասարակությանը կառավարելի դարձնող մանիպուլյացիոն գործիքակազմն ընտրվում է հասարակական իմունիտետի արմատական թուլացման կոնտեքստում։

Սա պարտադիր կերպով հետապնդում է որոշակի նպատակ. Օրինակ, հետխորհրդային Հայաստանում առաջնային տեղում էր արցախյան հիմնահարցը, և ցանկացած հասարակական տրամադրություն կամ ընդվզում բախվում էր ազգային գիտակցության տեսանկյունից այս կարևոր խնդրին ու միանգամից անէանում (հասկանալի պատճառներով)։

Հիմա ավելի լայն սպեկտրով անդրադարձ կատարենք արդեն համաշխարհային գործիքակազմին, որը հիմնականում կոչում են փափուկ ուժ (soft power):

Հասարակության գերակշիռ մեծամասնությունը (անկախ իր կամքից) չի էլ գիտակցում, որ յուրաքանչյուր օր ուղղորդվում է, քանի որ մարդկանց թվում է, թե իրենք են կատարում ընտրություն՝ հագուստի, ճաշակի, սննդի, մասնագիտության, երբեմն՝ նույնիսկ ամուսնու։

Մեր օրերում համընդհանուր այս ուղղորդումը կոչվում է թրենդ և իրականում մատուցվում՝ գերտերությունների կողմից ֆինանսավորվող ուղեղային կենտրոնների կողմից։ Ընդ որում, սա վերաբերում է և՛ մարդկանց կենցաղին, և՛ երկրների ներսում վարվող քաղաքականությանը։

Եթե ուշադրություն դարձնենք, կհասկանանք, որ շատերը, չհասկանալով, թե իրականում ինչն է իրենց հոգեհարազատ, փորձում են նմանվել որևէ հայտնի մարդու (սպորտսմեն, հոլիվուդյան աստղ և այլն). նույնը նաև գնումներ կատարելիս է՝ շուկայից գնված բանջարեղենն ավելի որակյալ է, բայց շատերը, հարմարավետությունից կամ թրենդից ելնելով, գնում են սուպերմարկետից՝ վճարելով որակապես ավելի ցածր ապրանքի համար: Այսպիսի օրինակները բազմաթիվ են՝ սկսած բրենդների ստեղծումից մինչև իրական հարմարավետություն, և չկարծեք, թե մեծ կարողության տեր մարդիկ չեն մանիպուլացվում, գործիքակազմն է տարբեր պարզապես (էմոցիաների վրա խաղալ՝ փողով, բրենդներով, հաճախ նաև՝ կեղծ վերաբերմունքով)։

Նույն գումարով մեծամասնությունը գնում է թանկարժեք ժամացույց, քչերը միայն՝ որակյալ կրթություն, որովհետև դա է քարոզվում մասսաներին (մասսա կարող է համարվել նաև, օրինակ, որևէ երկրի պաշտոնյա կամ գործարար, ով նույնպես հետևում է թրենդներին՝ թեկուզ անգիտակցաբար)։

Հասարակության գիտակցության ուղղորդմամբ մարդկանց կարող են զրկել անգամ զգացմունքներից, որի մասին մարդը կարող է չիմանալ անգամ. բնական էմոցիաները, պահանջները կարող են փոխարինվել արհեստականով, սակայն մարդը չհասկանա, թե ինչպես ուղղորդվեց։

Ցանկացած երկրում նույնությամբ տարածվում է նաև քաղաքական քարոզը՝ մեդիա գործիքակազմի միջոցով։ Հենց այս գործիքակազմն է, որ ստեղծում է հասարակական տրամադրություններ՝ ելնելով աշխարհաքաղաքական կենտրոնների առաջնահերթություններից տվյալ երկրում կամ հենց իրենց երկրների ներսում։

Դոնալդ Թրամփի՝ 2016-ին ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու ժամանակ պաշտոնական Լոնդոնը շատ անհանգիստ էր, քանի որ ուներ այլ պլաններ ապագա աշխարհակարգի վերաբերյալ. ինչպես գիտեք՝ նույն ԵՄ անդամ պետությունների շատ առաջնորդներ (բացառությամբ Իտալիայի վարչապետի) սատարում են համաշխարհային կառավարություն ստեղծելու գաղափարին, որտեղ պետք է լինի բացառապես անդեմ հասարակություն՝ զուրկ ազգային ինքնագիտակցությունից։

Սա հենց այն է, ինչի մասին խոսեցի հոդվածի սկզբում՝ միտումնավոր կերպով հասարակությանը մանիպուլացնել, որպեսզի թուլանա ընդհանուր իմունիտետը։

Այս դեպքում ցանկացած անհարկի գաղափար կարելի է հրամցնել ցանկացած հասարակության։

Ինչպես 2016-ին, այնպես էլ 2024-ին նախագահ Թրամփին իշխանության է բերել ԱՄՆ ազգային էլիտան՝ անտեսելով համաշխարհային կառավարություն ստեղծելու իդեաներով տոգորված որոշ շահառու խմբերի ցանկությունները։

Վերջիններս որպես գործիք օգտագործում են ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող խմբերին, ազգային ինքնագիտակցությունից, ընտանեկան արժեքներից, մարդկային հատկանիշներից զուրկ տարրերին, սրան գումարած որոշ ռադիկալ իսլամիստների, որոնք փորձում են արդեն իրենց կողմից հնարված փափուկ ուժով էլ ավելի մեծացնել ազդեցությունն աշխարհում։

Հենց այս հարցերի շուրջ է, որ ԱՄՆ և ՌԴ նախագահներն ունեն հայացքների ու աշխարհընկալման տեսանկյունից նմանություններ. համեմատել պետք չէ, քանզի Դոնալդ Թրամփն ամերիկյան հասարակության ներկայացուցիչ է, Վլադիմիր Պուտինը՝ ռուսական։

Անկասկած, գլոբալ աշխարհակարգի ջատագովներին խանգարում են ազգային գաղափարախոսություն կրող ղեկավարները՝ անկախ նրանից մեզ հոգեհարազատ է ռուս կամ ամերիկյան հասարակության մոտեցումը, թե ոչ. ցանկացած ղեկավար իր հասարակությանն է նման։

Աշխարհաքաղաքական շահերի համատեքստում ԱՄՆ-ը՝ որպես հեգեմոն գերտերություն, ցանկանում է սանձել Չինաստանի տնտեսական վերելքը՝ բալանսավորելով արևելքը ՌԴ-ի և Չինաստանի մրցակցությամբ։

Սա է ԱՄՆ-ի ազգային էլիտայի կողմից սահմանվել որպես արտաքին քաղաքական դոկտրին մոտակա տարիների համար։

Սակայն այստեղ ԱՄՆ-ը խնդիր պետք է լուծի նաև երկրի ներսում, քանի որ հասարակության առողջացման դեպքում միայն կարող է շարունակել տնտեսական առաջընթացն ու արտաքին քաղաքականության տեսանկյունից շարունակել պահպանել հեգեմոն դիրքերը։

Հենց այստեղ է, որ ԱՄՆ գործող կառավարությունը սկսել է կիրառել գործիքակազմ, որը կնպաստի երկրի արտադրողականության աճին. առողջապահության նախարար Քենեդին հրահանգել է որոշ արհեստական հորմոններ պարունակող կազմակերությունների կա՛մ հեռացնել հորմոնները կա՛մ դուրս բերել արտադրանքն ԱՄՆ շուկայից. բնական է՝ ընտրելու են առաջին տարբերակը։

Այս տեսակի արտադրանքի վաճառքը կարող է ազդել և՛ ծնելիության, և՛ հասարակության որակի, և՛ տրամադրությունների վրա։

Զուգահեռաբար ՊՆ նախարար Հեգսեթն արգելել է ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին ծառայել զինված ուժերում։

Նույնանման օրինակ է նաև ՌԴ-ում արգելված Սորոսի հիմնադրամի գործունեության նկատմամբ հետաքննություն սկսելու պրոցեսը կամ ավանդույթ դարձած արհեստական կերպով ֆինանսական միջոցներ կուտակելու փորձերը (fraud):

Վարչապետ Մելոնին արգելել է արհեստական մսի վաճառքն Իտալիայում. այս գաղափարի ջատագովներից է աշխարհահռչակ Բիլ Գեյթսը, ով հանդիսանում է համաշխարհային կառավարության գաղափարակիրներից։

Եթե հիշում եք, վերջին օլիմպիական խաղերում նույնիսկ տրասգենդեր բռնցքամարտիկը հաղթեց իր կին մրցակցին, իսկ այժմ ԱՄՆ բոլոր հաստատություններից հանված են «երրորդ սեռ» կոչվածների համար ստեղծված լվացարանները։

Օրինակները հիմնականում ԱՄՆ-ից են, քանի որ ռադիկալ փոփոխությունների ցայտուն օրինակ է ԱՄՆ-ը։

Համաշխարհային կառավարություն ստեղծելու գաղափարակիցները տիրապետում են ահռելի ֆինանսատնտեսական, մեդիա, ռազմական ու մարդկային ռեսուրսների, և հենց սա է պատճառը, որ որոշ լրատվականներ կարող են անգամ խեղաթյուրել ԱՄՆ կամ ՌԴ նախագահների խոսքերը կամ անհարկի մեղադրել վերջիններիս. ամենևին էլ չի նշանակում, որ նրանք անսխալական են կամ անթերի, բայց իրենց գաղափարներով մարդկային ռասայի արժեքների կրողներ են։

Կարծում եմ՝ ակնհայտ է տարբերությունը՝ միտումնավոր կերպով հսարակական իմունիտետը թուլացնողների և մարդկության զարգացման հեռանկարի դասական ճանապարհը որդեգրածների միջև։

Հիմա շատերն են խոսում ինձ համար ծիծաղելի նախագահ Թրամփի իմպիչմենտի մասին. եթե ավելի ճիշտ, շատերը չեն խոսում, գլոբալ աշխարհակարգի սպասարկուների մեդիան է աղմկում, քանզի վերջիններիս համար բարդ է, երբ մյուս կողմում ունեն Թրամփի և Պուտինի նման հակառակորդներ։

Դե իհարկե, տարիներ շարունակ նույն CNN-ը (օրինակ) համարվել է ճշգրիտ տեղեկություն հաղորդող և լուրջ մեդիա գիգանտ, սակայն այդ վարկանիշն էլ է աստիճանաբար հօդս ցնդում՝ տեղը զիջելով՝ առավել տրամաբանված էլիտիստական խմբերի շահերի սպասարկու գործիքակազմին (մեդիաներին)։

Երբ նախագահական ընտրությունների ժամանակ exit-poll կոչվածները հայտարարում են մի գործչի առավելության մասին, դրանով ճնշում են հասարակությանը՝ ուղղորդելով վերջինիս քվեարկել հենց «հաղթողի» օգտին (հասարակ մարդկային հոգեբանություն է), երբ պրոպագանդվում է միասեռականության նորմալ երևույթ լինելը, դա ևս քարոզ է և միաժամանակ ուղղորդում։

Քարոզ է նաև կրոնը, սակայն այլ հարց է, թե ինչ է քարոզում և ամենակարևորը՝ ինչ ռակուրսից է ներկայացնում պատկերը ու ինչի համար։

Կարող ենք պնդել, որ՝ տարիներ շարունակ տարբեր ֆինանսական մեքենայություններով զբաղված, մեդիա ռեսուրսներով հասարակություններին թմբիրի մեջ պահած, առավել ռոբոտացված աշխարհի պատկերացումներով և մարդկության մի մասին ոչ պիտանի համարող «էլիտաները» ձախողվեցին, և հիմա միայն պարտության աղմուկն է, որ դեռ հիշեցնել է տալիս իրենց մասին։

Ցանկացած գաղափարի, հարցի շուրջ մտածելիս անհրաժեշտ է հարցնել՝ ինչու եմ սա ուզում կամ ինչ կտա ինձ, վերջապես կա՞ իմաստը, թե հետևում եմ ամբոխին, որը միշտ կառավարելի է։

Ըստ իս՝ մարդն իր գիտակցական կյանքի ընթացքում միշտ մանիպուլացվում և կառավարվում է, այլ հարց է՝ մարդկային տրամաբանության սահմաններու՛մ է զարգանում վերջինիս աշխարհհայացքը, թե՞ համընդհանուր մանիպուլյացիայի։

Հ.Գ. Ապրելն ու գոյություն ունենալը տրամագծորեն տարբեր հասկացություններ են:

Լևոն Մնացականյան

Դիտվել է՝ 351

Մեկնաբանություններ